ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Պարի՛ր, Հայաստա՛ն աշխարհ

Պարի՛ր, Հայաստա՛ն  աշխարհ
17.05.2016 | 22:50

Այո՛, հիանալի սերունդ է մեծանում: Նրանք արժանի փոխարինողներն ու շարունակողներն են մեր պապերի, հայրերի, մայրերի ստեղծած բարոյական, հոգեկան ու նյութական արժեքների:
Դրանում համոզվեցինք քառօրյա պատերազմի օրերին: Դրանում համոզվում ենք սպորտում, արվեստում և այլ ոլորտներում նրանց ձեռք բերած հաղթանակներով:
Այդպիսի մի հաղթանակի մասին է իմ խոսքը: Մայիսը մեզ համար հաղթանակների ամիս է: Այդ հաղթանակների մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Շուշիի ազատագրումը: Այն մեր ժողովրդի հոգու, մտքի, բազկի ուժի հաղթանակն է:


Հենց այս գեղեցիկ տոնին էր նվիրված Հայաստանի վաստակավոր արտիստուհի Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի սաների ելույթը, որը տեղի ունեցավ մայիսի 8-ին՝ ճարտարապետների միության տան դահլիճում:
Նորություն չէ, որ Սոֆի Դևոյանի պարի հմայքը անպատմելի զգացումներ է առաջացնում հանդիսատեսի հոգում: Այն, իրոք, հոգու թատրոն է, մարդկային զգացումների, զգացմունքների, հոգեկան ապրումների հիանալի թարգման:
Դիտելով սաների ելույթը՝ ոգևորությամբ է լցվում հոգիդ, որ մշակույթի կենտրոնի սաներին են փոխանցվում գեղարվեստական մասի ղեկավար Սոֆի Դևոյանի պարի վարպետությունը, ճկունությունն ու հմայքը: Այն զգացվում է նաև ամենափոքրիկների պարերում:
Պարերի ցանկում տեղ էին գտել ոչ միայն հայկական, այլև տարբեր ազգերի ու ժանրերի պարեր:


Այս հրաշալի ելույթի պատրաստման համար ջանք չէին խնայել նաև պարուսույցներ Արմինե Շահբազյանը, Աննա Ալեքսանյանը, Անի Մարտիրոսյանը, մշակույթի կենտրոնի տնօրեն Հովհաննես Պողոսյանը: Ճաշակով ընտրված հագուստները ներդաշնակ էին պարերին:
Այս հաջողությունը կարելի է բացատրել նաև սաների ու պարուսույցների միջև ստեղծված ջերմ մթնոլորտով, փոխադարձ սիրով ու հարգանքով: Նրանք ջերմությամբ էին խոսում իրենց ուսուցիչների մասին:


Նրանցից մեկը՝ Մարինե Անանյանը, ում պարերի գեղեցիկ, նազելի շարժումները հիացրին բոլորին, ասում է, որ այդ ամենի համար պարտական է իր պարուսույցին՝ Արմինե Շահբազյանին: Մարինեն նաև հրաշալի երգում է, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի:
Իր պարերով աչքի ընկավ նաև Լաուրա Անանյանը: Իսկ Սոֆի Դևոյան-կրտսերի պարը կարելի է մի գեղեցիկ ներկայացում համարել: Մեր սիրված երգերից մեկի՝ «Լե՜, լե՜ յամանի» հոգեցունց նվագի տակ նրա կատարած պարային շարժումների պլաստիկան այդ երգի հաջողված թարգմանը, խոսուն վկան կարելի է համարել:


Այո՛, արժանի փոխարինող և փոխարինողներ ունի բոլորիս կողմից սիրված Սոֆի Դևոյան- ավագը:
Դիտում ես այս շնորհալի, հրաշալի աղջիկների նույնքան հրաշալի պարերը, և սիրտդ լցվում է հպարտությամբ, որ մեր տաղանդավոր ժողովուրդը շարունակում է այսպիսի նոր տաղանդներ լույս աշխարհ բերել:
Եվ մտածում ես, որ մի ժողովուրդ, որի կրտսեր զավակները այսպես պարել գիտեն, մահ չունի: Այո՛, դարեր շարունակ ոչ միայն մեր բազկի ուժով, այլև մեր ստեղծարար աշխատանքով, մեր հոգևոր մշակույթով ենք հաղթել թշնամուն և կհաղթենք: Վկան՝ այս ելույթը:


Եվ ուզում եմ ասել բարձրաձայն.
-Պարի՛ր, Հայաստա՛ն աշխարհ, դու ունես այդ իրավունքը:
Ակամա հիշում եմ բանաստեղծի խոսքերը՝ դեռ մեր պարը Մասիս սարի լանջին պիտի պարենք: Գուցե պարողների մեջ լինեն նաև այս հրաշալի աղջիկները:
Մի խոսքով, մայիսի 8-ի ելույթը գեղեցիկ, բուրավետ ծաղիկների մի աննման փունջ էր՝ նվիրված Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայ քաջորդիներին և նրանց, ովքեր այսօր էլ պաշտպանում, պահպանում են մեր հայրենիքի սահմանները:


Ժասմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ